28.11.2025
Սուրեն Պապիկյանն ընդունեց Հայաստանում Եգիպտոսի դեսպանին
prev Նախորդ նորություն

Հնարավոր է ավելի մեծ տեմպով իրականացնել ոլորտային բարեփոխումները - ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը  մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կնքման ութերորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։ Ներկա էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, տարբեր պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։


Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ կարևորելով համաձայնագրի (CEPA) դերը Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգում։


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է պանելային քննարկմանը՝ ներկայացնելով ՆԳ նախարարության մանդատի շրջանակում իրականացված քայլերը, մասնավորապես, նախարարության ինստիտուցիոնալ և եվրոպական ստանդարտներին հնարավորինս մոտարկված բարեփոխումները Ոստիկանության, Փրկարար ծառայության ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտներում։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ բարեփոխումների ճանապարհին համաձայնագիրը եղել է ուղենշային փաստաթուղթ։


Նախարարն ընդգծել է վիզաների ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը և Գործողությունների ծրագրի շրջանակում իրականացվող քայլերը հանրային անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ շեշտելով այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության համագործակցության խորացման կարևորությունը։


Արփինե Սարգսյանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ ՆԳՆ ոլորտային բարեփոխումները ուղիղ ներառված չեն CEPA-ի ճանապարհային քարտեզում, սակայն դրանց արդյունքները գաղափարապես սերտ փոխկապակցված են CEPA-ի հետ։


«CEPA-ի շրջանակում մի շարք միջոցառումների իմպլեմենտացումն ուղիղ կապ ունի նաև Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման հետ, և ՀՀ գործող ինքնիշխանության մակարդակը թույլ է տալիս զարգացնել մեր հնարավորություններն ու ավելի մեծ տեմպով իրականացնել ոլորտային բարեփոխումները»,- նշել է ՆԳ նախարարը։


Արփինե Սարգսյանը վերահաստատել է արդյունավետ համագործակցությունը տարբեր ուղղություններով շարունակելու պատրաստակամությունը։


Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համաձայնագրի շրջանակում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումներին։


 

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող պայթել են ականի վրա
Հաջորդ նորություն next