Փաշինյանը պահանջում է Գարեգին Բ-ի հեռացումը՝ սատարելով ընդվզած եպիսկոպոսներին
Լուսանկարը` RBK
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 27-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն սպառել է եկեղեցու բարենորոգմանը մասնակցելու բոլոր հնարավորությունները և պետք է հեռանա՝ ազատելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Վարչապետն իր այս կոշտ դիրքորոշումը հայտնեց՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսների տարածած հայտարարությանը, որով վերջիններս մեղադրում են Կաթողիկոսին՝ Արշակ արքեպիսկոպոսի մասնակցությամբ ենթադրյալ սկանդալային տեսանյութի փորձաքննության արդյունքներն անտեսելու և եկեղեցու հեղինակությանը վնասելու մեջ։
Փաշինյանը նշեց, որ որպես պետության ղեկավար՝ վճռականորեն, իսկ որպես եկեղեցու հետևորդ՝ «որդիական խոնարհությամբ» ողջունում է եպիսկոպոսների ընդվզումը՝ այն որակելով որպես եկեղեցու հոգևոր առաքելության նկատմամբ նախանձախնդրության դրսևորում։ Նա պատրաստակամություն հայտնեց անհապաղ հանդիպել ստորագրահավաքին միացած հոգևորականներին՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։
Լրագրողների այն դիտարկմանը, թե ստորագրողների թվում կան հանրությանը հայտնի վիճահարույց կենսագրությամբ դեմքեր, մասնավորապես՝ օֆշորային սկանդալում շրջանառված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, կամ կուսակրոնության ուխտը ենթադրյալ խախտելու մեջ կասկածվող Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ու Վազգեն Միրզախանյանը, վարչապետը հակադարձեց, որ ինքը քաղաքացիների անձնական գործերը ստուգողը չէ։
Ըստ նրա՝ Մայր Աթոռի «ազատագրմանը» և եկեղեցու բարենորոգմանը կարող է մասնակցել յուրաքանչյուր մկրտված հետևորդ, և կարևորը հենց բարեփոխումների օրակարգն է, որի բացակայությունն է հանգեցրել նման խնդիրների։
Նշենք, որ իշխանության և եկեղեցու հարաբերությունները աննախադեպ լարված են։ Լարվածությունը սրվեց հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ եկեղեցու բարձրագույն հոգևոր խորհուրդը պահանջեց վարչապետի հրաժարականը։ Կոնֆլիկտն ավելի խորացավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆոնին, որն առաջնորդում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Իշխանության ներկայացուցիչները պարբերաբար մեղադրում են հոգևոր դասին քաղաքական գործընթացներին միջամտելու, իսկ եկեղեցին իշխանությանը՝ ազգային արժեքները ոտնահարելու և Արցախի հարցում վարվող քաղաքականության համար։