Հայաստանում օդի աղտոտվածության և խցանումների լուծման հարցով աշխատանքային խմբեր են ստեղծվել
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվեն միջգերատեսչական երկու հատուկ աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն հանրապետությունում, և մասնավորապես Երևանում օրեցօր ահագնացող երկու հիմնական խնդիրների՝ օդի աղտոտվածության և ճանապարհային խցանումների համակարգային լուծմամբ։
Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում գործադիրի ղեկավարը հստակեցրել է, որ այս կառույցները պետք է գործեն հաշվետվողականության խիստ մեխանիզմներով՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքն ու արդյունքները։
Ըստ վարչապետի՝ առաջին խումբը կենտրոնանալու է օդային ավազանի որակի բարելավման վրա՝ նախ արձանագրելով խնդիրները, ապա՝ բացահայտելով պատճառներն ու մշակելով կոնկրետ լուծումներ։ Երկրորդ խումբն ուղղված կլինի երթևեկության կանոնակարգմանն ու խցանումների բեռնաթափմանը։
Փաշինյանը հատուկ շեշտադրել է, որ բացի պետական գերատեսչություններից և Երևանի քաղաքապետարանից, աշխատանքներում պարտադիր պետք է ներգրավվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու անկախ փորձագետները։ Սա, ըստ նրա, թույլ կտա ամրապնդել կապը վարչարարության և մասնագիտական հանրության միջև։
Հարկ է նշել, որ հանձնարարականը հնչել է հանրապետությունում օդի որակի կտրուկ վատթարացման ֆոնին, ինչն առավել նկատելի է մայրաքաղաքում։
Խնդրին ավելի վաղ անդրադարձել էր նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ թեև հանրությունը հաճախ կենտրոնանում է շինարարական փոշու վրա, ձմռանը աղտոտվածության աճը մեծապես պայմանավորված է այլ գործոններով, այդ թվում՝ հանրապետության տարբեր հատվածներում, օրինակ՝ Ճամբարակում բռնկված հրդեհներով, ինչպես նաև կենցաղում տերևների և աղբի զանգվածային այրմամբ։