Հայաստանն այս փուլում չի դիտարկում ՀԱՊԿ–ից դուրս գալու հարցը. ԱԳ փոխնախարար
Հայաստանն այս փուլում չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հարցը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ անդրադառնալով Երևանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովներին չմասնակցելու, սակայն փաստաթղթերի ընդունմանը չխոչընդոտելու քաղաքականությանը։
Սաֆարյանը հիշեցրեց, որ Հայաստանի դիրքորոշումն արդեն հայտարարված է․ Երևանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, բայց չի խանգարում որոշումների ընդունմանը։
«Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը շահերի հիման վրա՝ ըստ ստեղծվող իրավիճակի։ Հայտարարվել է Հայաստանի բալանսավորման քաղաքականության մասին, և Հայաստանն այդ շրջանակում է ընդունում որոշումներ»,-նշեց փոխնախարարը։
Լրագրողների հարցին՝ ո՞րն է պատճառը, որ Հայաստանը, չմասնակցելով կազմակերպության աշխատանքներին, շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, Սաֆարյանը պատասխանեց․ «Այս փուլում քաղաքականությունն այդպիսին է։ Եթե հավելյալ դիրքորոշումներ կամ քայլեր լինեն, մենք դրա մասին կտեղեկացնենք»։
Հարցին՝ ԱԳՆ օրակարգում կա՞ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, փոխնախարարը պատասխանեց․ «Այսպիսի խնդիր մեր առջև դեռ չի դրվել։ Եթե նման զարգացումներ լինեն, բոլորը կիմանան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը չի մասնակցելու նոյեմբերի 27-ին Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը դեմ չէ համաժողովում համաձայնեցված փաստաթղթերի ընդունմանը։