26.11.2025
Արման Եղոյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
prev Նախորդ նորություն

Ի՞նչ սպասի քաղաքացին. Փաշինյանն ու Պետրոսյանը քննարկել են ՀԷՑ-ի հետ կապված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում՝ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի, ոչ բարձրաստիճան աշխատողների վարձատրության համակարգում փոփոխությունների և ընթացիկ գործողությունների վերաբերյալ:


Ռոմանոս Պետրոսյանը նախ տեղեկացրել է, որ բարձր ղեկավարության, մասնաճյուղի տնօրենների, գլխավոր տնօրենի, տեղակալների՝ պարգևավճարներից կամովին հրաժարվելու արդյունքում մի քանի տասնյակ միլիոն դրամի խնայողություններ են ձևավորվել:


«Նշանակման հենց առաջին ամսվանից մինչև 200 հազար դրամի համախառն եկամուտ ունեցող ՀԷՑ-ի աշխատակիցների համար, կառավարչի առանձին հրամանով, լրացուցիչ 20 հազար դրամ պարգևատրումներ սահմանեցինք, և արդեն 4-րդ ամիսն է, ինչ ավելի քան 1700 աշխատակից օգտվում է դրանից: Միջինացված՝ 10-ից մինչև 20% աշխատավարձի բարձրացում է տեղի ունեցել փաստացիորեն»,- ասել Ռոմանոս Պետրոսյանը՝ հավելելով, որ դա շարունակական է լինելու, քանի դեռ հնարավոր չէ դրույքաչափի և հաստիքների վերանայում անել, քանի որ այդ լիազորությունը վերապահված է տնօրենի խորհրդին:


ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը նշել է, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը 320 հազար դրամ է, ՀԷՑ-ի 6800 աշխատակիցների կեսը՝ 3400 աշխատակից, վարձատրվում է 300 հազար դրամից ցածր: Նրանցից ավելի քան 1700-ը չեն հաղթահարում 200 հազար դրամի շեմը, և ամենախոցելի այդ շերտն է 20 հազար դրամ լրացուցիչ պարգևատրում ստանում:


ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը նշել է, որ ուսումնասիրությունների արդյունքում հավելագրումների, թերգրանցումների փաստեր են արձանագրել, ինչի հիման վրա քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ փաստերը դրվել են լիցենզիայից զրկելու կարևոր 6 կետերից մեկի հիմքում:


Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ այս տարվա պլանով, ՀԾԿՀ-ն սահմանել է միջինացված մինչև 7 տոկոս թույլատրելի կորստի շեմ. «Դա մուտք եղած արտադրողներից էլեկտրաէներգիայի քանակի և սպառված էլեկտրաքանակի տարբերությունն է: 7 տոկոսն ընդունելի կանոնակարգված սահմանաչափն է: Ի սկզբանե ինձ համար տարօրինակ թվացին այդ թվերը: Երբ ուսումնասիրում ենք առաջավոր երկրների միջազգային վիճակագրությունը, այս ցուցանիշով գտնվում ենք թոփ 50 երկրների ցանկում՝ հարևանությամբ Ֆրանսիայի, Դանիայի, Շվեդիայի: Դա շատ զարմանալի էր: Չունենալով տվյալ երկրների նման ենթակառուցվածքներ՝ նման ցուցանիշներ են նկարվում ՀԷՑ-ում»:


ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը տեղեկացրել է՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դեպքերում արևային կայաններից ինքնավար էլեկտրաարտադրողների արտադրած էլեկտրաէներգիան էր թերգրանցվում, այսինքն՝ ավելի մեծ քանակի էլեկտրաէներգիա էր մղվում ցանց արտադրողների կողմից, քան հաշվարկվում էր և վճարվում: Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանել է՝ որոշակի քանակի էլեկտրաէներգիայի ստվերային շրջանառության հետևանքով կարող էին տեղի ունենալ որոշակի մոնետիզացիայի գործարքներ:


«1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այս պահին նախաձեռնված: Նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից մեկում, որը 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիայի հավելագրում էր արել համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվիչին: Դրանով և տեխնիկական կորուստներն են նվազեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին՝ 7 տոկոսին, ինչպես նաև հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա: Այսինքն՝ ավելին էր վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը»,-ասել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը: Ընդ որում, այդ շարքում պետական և համայնքային ընկերությունները շատ մեծ թիվ են կազմել:


Ռոմանոս Պետրոսյանը նշել է նաև, որ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցի սահմանված կանոնների համաձայն՝ ՀԾԿՀ-ին հասանելիություն և երաշխիքներ պիտի տրվեն բաժանորդների, քաղաքացիների, իրավաբանական անձանց կողմից սպառած էլեկտրաէներգիայի էլեկտրոնային հաշվիչներից ձևավորված համակարգում բոլոր հավաքագրված ինֆորմացիաների: Ըստ նրա՝ 2018-ից 2024 թ. նոյեմբերի ամբողջ տվյալների բազան ջնջվել է. այս պահին ուսումնասիրվում է, թե դա ինչ գործողության հետևանքով է տեղի ունեցել, այդ փաստով նաև քրեական վարույթ է նախաձեռնվել:


Նա հատկանշական է համարել այն, որ ժամանակին տնօրեններն ու կառավարիչներն այդ փաստը թաքցրել են ՀԾԿՀ-ից, թեպետ ծառայողական քննություն է նշանակվել, մեղավորների շրջանակ է դուրս բերվել:


Անդրադարձ է կատարվել նաև նոր միացումների հետ կապված գների փոփոխություններին: «Հիմնավորումը, տրամաբանությունը մեր քաղաքացիներին պետք է ներկայացնենք: Գինը լինի արդյունավետ՝ համակարգի բնականոն գործունեությունը և որոշակի նաև զարգացումն ապահովելու համար: Սա շատ կարևոր է, որովհետև դրանից ավելին էլ արդարացված չէ: Քաղաքացին տրամաբանական հարց կտա՝ ես ինչո՞ւ եմ այսքան վճարում: Մենք պետք է այս հարցի պատասխանը գտնենք»,-ասել է վարչապետը և հետաքրքրվել՝ այդ ուղղությամբ արդյոք աշխատանքներ տարվում են:


Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին արդեն որոշակի պատկերացում ունեն, թե ինչ չափով են գինը կարողանալու վերանայել և հույս հայտնել, որ տարեսկզբից առնվազն արդեն վերանայման այդ որոշումները կկայացնեն:


Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմնական խնդիրը՝ մեր ռազմավարական հետագա մոտեցումն է ՀԷՑ-ի հետ կապված: Մենք քննարկել ենք և երկու հնարավոր տարբերակ կա, ինչի մասին ես հրապարակային ասել եմ: Տարբերակ առաջին, որ մենք սահմանված օրինական ընթացակարգերով ՀԷՑ-ն ամբողջությամբ դարձնենք պետական սեփականություն, որից հետո ոլորտի պրոֆեսիոնալ կառավարիչ հրավիրենք, որ կառավարի: Այսինքն՝ կոնցեսիոն սկզբունքով, ենթակառուցվածքը մնում է պետական սեփականություն, լինում է պետական սեփականություն և կառավարվում է պրոֆեսիոնալ ընկերության կողմից, իհարկե, կառավարության վերահսկողության ներքո։ Երկրորդ տարբերակը, եթե տեսնենք, որ սա ինչ-որ պատճառով անհասանելի է, որովհետև, այնուամենայնիվ, մենք ընկերությունը վերցնելու համար պետք է վճարում իրականացնենք, այդ վճարումը փաստացի պետական բյուջեի ծախս է: Եթե տեսնենք, որ այդ ծախսն արդարացված չէ պետական բյուջեի կողմից, ուրեմն մենք պետք է թափանցիկ ընթացակարգերով նոր ներդրող ներգրավենք»:


Վարչապետն ընդգծել է՝ ռազմավարական առումով այս հարցը կլուծվի նաև ներկայացրած տեղեկատվությունը վերլուծելու ճանապարհով և, իհարկե, Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի հետ խորհրդակցելով:


«Սպառողների իրավունքների հետ կապված նախորդող շրջանի ՀԷՑ-ի բացթողումների վրա առանձնահատուկ ուշադրություն կդարձնեք, որ մարդիկ նաև զգան գործունեության և այս փոփոխությունների դրական ազդեցությունն իրենց վրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հաջողություն մաղթելով Ռոմանոս Պետրոսյանին այդ գործում:

Արցախի «Տատիկ-պապիկ»-ը վանդալիզմի է ենթարկվել
Հաջորդ նորություն next