VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը: Մեզ ասացին, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ, իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լեւոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին երեկ հարցրինք` ինքն է՞լ է առաջադրվել։ Ասաց, որ չի շտապում` դեռ չի առաջադրվել: Ասում են՝ ցանկություն չունեք։ «Ո՞վ է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»։ Ավելի ուշ մեզ ասացին, որ Գ. Մելքոնյանը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500 հազար վճարի՝ իր թեկնածությունը գրանցելու համար: Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է մուծվեն․ ՔՊ անդամները՝ 500 հազար, ոչ անդամները` մեկուկես միլիոն դրամ: Բացի դա, Մելքոնյանը ենթադրում է, որ ՔՊ անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն, ի տարբերություն իրենց թիմին չմիացածների։ Մեզ ասացին, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ վարչությունն առաջիկա օրերին կորոշի, թե ինչ սկզբունքով է տեղի ունենալու պատգամավորության թեկնածուների ընտրությունը։ Նրանց ընտրելու են ՔՊ արտահերթ համագումարում, որը, ամենայն հավանականությամբ, կհրավիրեն մարտի վերջերին, այսինքն, ինչպես վարչությունն ընտրեցին, այնպես էլ մոտ հազար պատվիրակ ընտրություն կկատարի առաջադրված եւ վարչության կողմից գրանցված թեկնածուների ցանկից։ Նախնական քննարկումներն այն մասին են, որ, դիցուք, 200 թեկնածուից ընտրիչներին ընտրելու հնարավորություն կտան 30 հոգու, այսինքն, ամեն ընտրիչ այդ ցուցակից կարող է 30 հոգու ընտրել, ընտրության արդյունքներով էլ կկազմվի ցուցակը՝ ըստ ձայների քանակի։ Ի դեպ, իշխող թիմում քննարկում են նաեւ պրոֆեսիոնալ մասնագետներ իրենց ցուցակում ընդգրկելու հարցը, որպեսզի լինեն լավ տնտեսագետներ, ֆինանսիստներ, քաղաքագետներ եւ այլ մասնագիտության մարդիկ: Իսկ թե ինչպես նրանց ընդգրկել ցուցակում` առանց մրցույթի՞, թե՞ մրցույթով, այս հարցերին դեռ չեն հասել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետական ապարատի հազարավոր ծառայողների պարտադրաբար Համալիր բերելու եւ «մասսովկա» ցույց տալու փաստն արդյոք ապացույց չէ՞ այն բանի, որ իրեն ժողովրդավար հռչակած Փաշինյանն իրականում տառապում է Հյուսիսային Կորեայի բռնապետ առաջնորդ Կիմ Չեն Ընի կոմպլեքսներով եւ փորձում է ցույց տալ, որ հանրության լայն զանգվածների աջակցությունն ունի»,- հարցրինք Փաշինյանի կուսակից, ՔՊ վարչության անդամ Արմեն Խաչատրյանին։
«Սխալվում եք, եթե մենք ուզենանք մարդ հավաքել, 40 հազար էլ կհավաքենք, հարցը դա չէ, պետք չէ պղտորել, խեղաթյուրել»: Բայց վերջին պատարագներին մենք տեսնում ենք, թե դուք ինչքան մարդ եք կարողանում հավաքել։ «Պատարագին մենք մարդ չենք հավաքում»: Փաշինյանն ամեն այցից առաջ հայտարարում է, եւ դա որպես կոչ է ընկալվում։ «Լավ է անում, ասում է` ես գնում եմ, ուզում եք` եկեք, չեք ուզում` մի եկեք»։ Իսկ շաբաթ օրվա հավաքի նպատակը, ըստ Խաչատրյանի, «վարչապետն արդեն իր ելույթներում ասաց, թե որն է, այո՝ պետական ծառայողները պետք է հասկանան երկրի ռազմավարությունը, քաղաքականության ռազմավարական ուղղությունները եւ այլն։ Սա շատ ճիշտ հավաք էր, ու, ի հակադրումն Ձեր նշածի, պետծառայողներից շատերը շատ գոհ էին, իրենք հասկացել են, որ մասն են կազմում այս երկրի զարգացման պրոցեսներին, եւ իշխանությունը հաշվետու է իրենց առաջ, իսկ ով չի ուզել, հաստատ չի եկել»։ Ի դեպ, Համալիրում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաեւ իրավապահների, ուժայինների ներկայացուցիչները, մոռացել են միան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում եւ ձգտում է «գծերից գցել»` դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Ասում են՝ ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։ Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ սահմանած խաղի կանոններով՝ անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն․ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն իր մերձավոր շրջապատում հայտնել է, որ արդեն սրբազանների մի խումբ է ձևավորվել, որն աշխատում է ի օգուտ իրենց ու քայլերի պլան է մշակվում: Ըստ մեր աղբյուրների Սրբազանները հոգևորականների ներքին քննարկումների ժամանակ պետք է անընդհատ խոսեն Կաթողիկոսի շրջապատի մարդկանց մասին, նրանց պատճառով սկսված եկեղեցական արշավի ու առաջիկա ճնշումների մասին: Ըստ իշխանական մեր աղբյուրների դրանք պետք է ազդեն, որպեսզի Կաթողիկոսի շուրջ ներսում «բունտ» հասունանա ու նա որոշի լքել Վեհարանը:
Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը ներքին զրույցներում համոզմունք է հայտնում, որ առաջիկանում ավելի ուժեղ ճնշումներ կլինեն ու իրենք շատ շուտով կունենան իրենց ցանկալի արդյունքը: Ի դեպ, Ժողովուրդի իշխանական աղբյուրները նշում են նաև, որ հոգևորականների «որսը» ավելի է ակտիվանալու ու կարգալույծ եղած Ստեփան Ասատրյանը (Տեր Արամը) գլխավորելու է այն հոգևորականների «միությունը», ովքեր դեմ դուրս կգան Կաթողիկոսին: Նշվում է նաև, որ Աստրյանը իշխանություններից բոլոր երաշխիքներն ունի անելու այնպես ինչպես ինքն է կամենում, միայն թե արդյունքում Փաշինյանը Վեհարանից Կաթողիկոսին կհեռացնի, իսկ Ստեփան Ասատրյանը կվերադառնա եկեղեցի և կչեղարկվի կարգալույծ անելու նրա որոշումը»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշանակված է եպիսկոպոսաց ժողով, որին մասնակցելու են Հայաստանում գործող բոլոր 20 եպիսկոպոսները: Քննարկելու են մի շարք հարցեր, հատկապես Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, օրակարգում է նաեւ Արշակ Սրբազանի հարցը: Դեռ օրեր առաջ Վեհափառի հրամանով հանձնախումբ է ձևավորվել, որը պետք է քննի Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ տարածվող ասեկոսեները և պարզի` արդյոք գաղտնի նկարահանված տեսանյութերը համապատասխանում են իրականությանը և ինչպես են դրանք պատրաստվել: Երեկվանից իշխանական կայքերը հրապարակել են վեհափառին ուղղված հանձնաժողովի անդամների դիմումը, որով նրանք պահանջում են Արշակ սրբազանի ծառայությունը «սառեցնել»` մինչև քննության ավարտը: Նրանք հորդորում են կաթողիկոսին առժամանակ կասեցնել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի պաշտոնավարումը բոլոր պաշտոններում և ծառայությունը եկեղեցում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այդ տեսանյութերի տարածման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնել, սրբազանն արձագանքել է դրանց, ասելով, որ իր հետ դրանք չեն առնչվում: Այսօր, ըստ ամենայնի, եպիսկոպոսները կքննարկեն նաև վերջին երկու պատարագների թեման, որոնց մասնակցել են նաև թեմերի առաջնորդները և որոնց ժամանակ խախտվել է ՀԱԵ պատարագների անցկացման կարգը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում դժգոհության նոր ալիք է հասունանում, եւ չի բացառվում, որ իրավիճակը հասնի գործադուլի։ «Ժողովուրդ» օրաթերթը գրեթե բոլոր դատարաններից ստացել է ահազանգեր. դատավորների օգնականները, գործավարները եւ նիստերի քարտուղարները հայտնում են, որ գործող ծանրաբեռնվածությամբ անհնար է աշխատել ցածր աշխատավարձով, ու նրանք այլեւս չեն պատրաստվում լռել։ Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի հունիսի 24-ին վարչական դատարանի աշխատակիցները սկսել էին գործադուլ։ Դատական դեպարտամենտը, փորձելով մեղմել իրավիճակը, հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Դատական իշխանությունը դեռեւս 2023-ից, տարբեր մակարդակներում, տարբեր միջոցներով բազմիցս բարձրացրել է այս խնդիրը: «Դեպարտամենտը եւ Դատական իշխանության մյուս մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում բոլոր հնարավոր գործողությունները կատարել են, եւ հարցը գտնվում է պետական մարմինների ուշադրության կենտրոնում։
«Հուսով ենք՝ դատական ծառայողները բարձր պատասխանատվությամբ կշարունակեն իրենց աշխատանքը` կարեւորելով արդարադատության շահը, իսկ անձնական հանգամանքներով պայմանավորված անհնարինության դեպքում՝ իրենց ծառայությունը կիրականացնեն ավելի բարձր վարձատրվող ոլորտներում, մինչեւ աշխատավարձերի խնդրի համակարգային լուծումը» – նշված էր հայտարարությունում։ Արդեն մեկուկես տարի է անցել, սակայն վարչական դատարանում իրավիճակը նույնն է, խնդիրը չի լուծվել: Հիմա էլ մյուս դատարաններում աշխատակիցները որոշել են չլռել»։