24.11.2025
Լուսանկարը` mil.am
prev Նախորդ նորություն

Անգամ արհեստական բանականությունը չգտավ նման անհեթեթության նախադեպ. Քոչարյան

Լուսանկարը` radar.am
Լուսանկարը` radar.am

Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատական նիստը նշանավորվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուշագրավ հայտարարությամբ, ով ստեղծված իրավական իրավիճակը որակել է որպես բացարձակ անհեթեթություն՝ վկայակոչելով ժամանակակից տեխնոլոգիաների վերլուծությունը։


Երկրորդ նախագահը հայտնել է, որ դատավարության բովանդակության վերաբերյալ հարցում է ուղղել արհեստական բանականությանը՝ փորձելով պարզել, թե արդյոք իրավաչափ է, երբ մարդը համարվում է մեղադրյալ առանց հարուցված քրեական գործի։ Ըստ Քոչարյանի՝ համակարգը, երկար մտորելուց հետո, պատասխանել է, որ աշխարհում վերջին 100 տարվա ընթացքում նման նախադեպ չի գրանցվել, և դա իրավական նոնսենս է։


Հիշեցնենք, որ այս իրավիճակը ստեղծվել է Սահմանադրական դատարանի որոշումից հետո, որով հակասահմանադրական էր ճանաչվել այն հոդվածը, որով մեղադրվում էր նախկին նախագահը։ Այժմ դատախազությունը փորձում է նոր ձևակերպումներով մեղադրանք առաջադրել, ինչը պաշտպանական կողմը համարում է ապօրինի, քանի որ անձինք նախ հռչակվել են ամբաստանյալներ, և միայն հետո քննարկվում է նրանց մեղադրանքի հարցը։ Ռոբերտ Քոչարյանը դատավոր Սարգիս Պետրոսյանին առաջարկել է հերքել արհեստական բանականության պնդումը և բերել գոնե մեկ նմանատիպ օրինակ համաշխարհային պրակտիկայից՝ շեշտելով, որ սթափ մոտեցման դեպքում այս նիստն ընդհանրապես չպետք է կայանար։


Նիստի ընթացքում քննարկվել է նաև դատարանների անկախության և գործերի քննության ժամկետների հարցը։ Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնել է դատարաններին իջեցված շրջաբերականի մասին, որով իբր հրահանգված է դատական գործընթացները տեղավորել մեկ տարվա ժամանակահատվածում՝ դա որակելով որպես դատարանների վրա դրված «պլան»: Դատավորը կտրականապես հերքել է պլանով առաջնորդվելու վարկածը՝ պնդելով, որ իր գործողությունները թելադրված են միայն օրենքով և ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտությամբ։


Քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դատավորն առաջարկել է անցնել շաբաթական մեկանգամյա՝ ամբողջ օրը տևողությամբ նիստերի ռեժիմի, ինչին ի պատասխան Քոչարյանը նկատել է, որ գործընթացի ավարտը կախված է ոչ թե գրաֆիկից, այլ գործի ծավալից։

Ստոր ու էժան գործելաոճ. WhatsApp-ում Գագիկ Ծառուկյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել
Հաջորդ նորություն next