24.11.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Հայ փորձագետները Բաքվում բարձրացրել են գերիների ազատ արձակման հարցը

Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ
Լուսանկարը` ադրբեջանական ԶԼՄ-ներ

Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփվել են հայկական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Բաքու կատարած այցի արդյունքները, որը տեղի էր ունեցել վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակում ձևավորված փոխվստահության մեխանիզմների համատեքստում։


Պատվիրակության անդամ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը նոյեմբերի 24-ին ներկայացրել է ադրբեջանական կողմի, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ունեցած քննարկումների մանրամասները։ Նա ընդգծել է, որ երկխոսությունը գտնվում է մեկնարկային բարդ փուլում, ինչը պայմանավորված է 35-ամյա հակամարտության ծանր ժառանգությամբ և հասարակություններում առկա զգայական ընկալումներով։


Բանակցությունների առանցքում եղել է երկու հիմնական մոտեցումների համադրումը։ Ադրբեջանական կողմն առաջ է քաշել «խաղաղության դիվիդենտների» գաղափարը՝ կարևորելով պրակտիկ ծրագրերի իրականացումը, որպեսզի ժողովուրդները շոշափեն խաղաղության օգուտները։ Ի պատասխան՝ հայ փորձագետները բարձրացրել են ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ տերմինաբանության չեզոքացման հարցը։ Մասնավորապես, մատնանշվել է «Ազերթաջ» գործակալության կողմից Երևանը որպես «Իրևան» ներկայացնելու փաստը։ Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը ընդունել է դիտողությունը՝ խոստանալով աշխատել խմբագրակազմերի հետ և նվազագույնի հասցնել նմանօրինակ սադրիչ դրսևորումները, որոնք վնասում են կարգավորման գործընթացին։


Այցի օրակարգի կարևորագույն մասն է կազմել նաև հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցը, որը բարձրաձայնել է փորձագետ Նաիրա Սուլթանյանը։ Նարեկ Մինասյանի համոզմամբ՝ առանց ուղիղ շփումների և երկխոսության գրեթե անհնար է հասնել նման զգայուն խնդիրների լուծմանը։ Նման հանդիպումները, ըստ բանախոսի, պարտավորեցնում են դիմացի կողմին կոնկրետ քայլեր կատարել, և գերիների վերադարձը կարող է դառնալ Բաքվի ներդրումը խաղաղության գործընթացում։


Նշենք, որ սա հայ փորձագետների պատասխան այցն էր՝ մեկ ամիս առաջ ադրբեջանական պատվիրակության երևանյան այցից հետո, իսկ թռիչքի ծախսերը հոգացել էր ՀՀ կառավարությունը՝ կարևորելով հասարակությունների միջև վստահության կառուցումը։


Այնուամենայնիվ, փոխվստահության կառուցման այս գործընթացը միանշանակ չի ընդունվում հանրության կողմից, ինչը մեծապես պայմանավորված է նախորդ փուլի աղմկահարույց միջադեպով։ Մեկ ամիս առաջ Երևանում կայացած նույն ձևաչափով հանդիպմանը ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկված էր Դիլարա Էֆենդիևան՝ որպես քաղհասարակության ներկայացուցիչ։


Վերջինս հայտնի է 2022 թվականի դեկտեմբերին Լաչինի միջանցքը փակած ակտիվիստների շարքերում իր ներգրավվածությամբ։ Նրա անմիջական մասնակցությունը Արցախի շրջափակմանը, որը հանգեցրեց հումանիտար աղետի և Արցախի հայաթափմանը, սուր քննադատության և վրդովմունքի ալիք էր բարձրացրել Երևանում՝ կասկածի տակ դնելով ադրբեջանական կողմի կառուցողականությունն ու «խաղաղասիրական» նկրտումների անկեղծությունը։

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next