24.11.2025
Անվտանգ երկիր և առողջ սերունդ կարող ենք ձևավորել համազգային միասնական աշխատանքի շնորհիվ
prev Նախորդ նորություն

Համաշխարհային մասշտաբի իրադարձություն. Երևանը կհյուրընկալի COP12-ը 2027-ին

Լուսանկարը` civilnet.am
Լուսանկարը` civilnet.am

Հայաստանի Հանրապետությունը միջազգային առողջապահական հարթակում կարևորագույն ձեռքբերում է գրանցել՝ ստանձնելով ոլորտի ամենահեղինակավոր միջոցառումներից մեկի կազմակերպման պատասխանատվությունը։ 2027 թվականին Երևանը կդառնա ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով բարձրաստիճան պատվիրակությունների և փորձագետների ամբողջ աշխարհից։


Այս նշանակալի որոշումը կայացվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի 11-րդ համաժողովի և հարակից արձանագրության նստաշրջանի ընթացքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ մեր երկիրը միաձայն ընտրվել է որպես Կոնվենցիայի կողմերի 12-րդ համաժողովի (COP12) և Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանի հյուրընկալող պետություն։


Նախատեսվող համաժողովը, որը տեղի է ունենալու 2027 թվականին, ունի ռազմավարական նշանակություն հանրային առողջության պահպանման գործում։ Շրջանակային կոնվենցիան ԱՀԿ-ի առաջին միջազգային իրավական փաստաթուղթն է, որի գլխավոր առաքելությունն է պաշտպանել մարդկությանը ծխախոտի կործանարար ազդեցությունից, նվազեցնել հիվանդացությունն ու կանխել վաղաժամ մահերը։


Կոնվենցիայի կողմերի համաժողովը հանդիսանում է կառույցի բարձրագույն որոշում կայացնող մարմինը, որը երկու տարին մեկ հրավիրվող նիստերի ընթացքում գնահատում է կատարված աշխատանքը և մշակում պայքարի նոր մեխանիզմներ։


Երևանյան հանդիպումը աչքի է ընկնելու մասնակիցների բազմազանությամբ. պետական պաշտոնյաներից բացի, քննարկումներին ակտիվորեն ներգրավվելու են քաղաքացիական հասարակության, գիտական և ակադեմիական շրջանակների, ինչպես նաև երիտասարդական և կանանց կազմակերպությունների ներկայացուցիչները՝ միասնական ուժերով պայքարելու ծխախոտային «համաճարակի» դեմ:

Լուսանկարը` hetq.am
Հաջորդ նորություն next