Նոյեմբերի 20-21-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ղազախստան նշանավորեց Երևանի և Աստանայի հարաբերությունների արմատական փոխակերպումը։ Վերջին տարիներին նկատվող «ջերմացումն» ամրագրվեց ռազմավարական գործընկերության մասին հայտարարության ստորագրմամբ։ Երկու երկրների առաջնորդների խորհրդանշական ժեստերը գիծ քաշեցին 2016 թվականին սկիզբ առած սառեցման ժամանակաշրջանի վրա և համագործակցության նոր էջ բացեցին Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի փոփոխվող աշխարհաքաղաքականության ֆոնին։
Խորհրդանշական քայլեր և անցյալի հաղթահարում
Այցի գագաթնակետը դարձավ Նիկոլ Փաշինյանին Ղազախստանի բարձրագույն պետական պարգևի՝ «Ալթըն Ղըրան» (Ոսկե արծիվ) շքանշանի հանձնումը։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը արարողության ընթացքում Հայաստանի վարչապետին անվանեց «իսկական համազգային առաջնորդ»՝ հատուկ ընդգծելով նրա «ոչ ստանդարտ կամային որոշումներ կայացնելու կարողությունը» և ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։
Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների համար այս ժեստն ունի հատուկ ենթատեքստ։ Փորձագետները հիշեցնում են, որ Երևանի և Աստանայի հարաբերությունները 2016 թվականին լուրջ ճգնաժամ ապրեցին։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած «Քառօրյա պատերազմից» հետո Աստանան հրաժարվեց ԵԱՏՄ գագաթնաժողովն անցկացնել Երևանում, ինչը սուր արձագանք առաջացրեց հայ հասարակության շրջանում՝ ընդհուպ մինչև հայկական գյուղերից մեկում Նուրսուլթան Նազարբաևի անունով ցուցանակների ապամոնտաժում։

Ներկայիս այցը վերջնականապես փակում է այդ էջը։ Աստանայում հանդիսավորությամբ բացվեց հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցը։ Սա դարձավ այս տարվա գարնանը Երևանում ղազախ մտածող Աբայ Կունանբաևի անվան պուրակի բացման հայելային պատասխանը։
«Այս քայլը անխախտ բարեկամության վառ խորհրդանիշ է... և կապերը խորացնելու մեր ձգտման դրսևորում», — ընդգծել է Տոկաևը։
Լոգիստիկա. ցորեն՝ Ադրբեջանով և «Խաղաղության խաչմերուկ»
Բանակցությունների կենտրոնական թեման տնտեսությունն ու լոգիստիկան էին։ Տրանսպորտային շղթաների համաշխարհային վերակառուցման պայմաններում Ղազախստանը դեպի Եվրոպա ելքի նոր ուղիներ է փնտրում, իսկ Հայաստանը ձգտում է դուրս գալ տրանսպորտային մեկուսացումից։
Առանցքային իրադարձություն դարձավ Տոկաևի հայտարարությունը՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը աջակցելու և այն Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու («Միջին միջանցք») հետ ինտեգրելու պատրաստակամության մասին։

Հարաբերություններում բեկումնային կարելի է համարել գործնական տարանցման մեկնարկը, ինչպես նշում են փորձագետները։ Նոյեմբերին ղազախական ցորենի առաջին խմբաքանակը (1 հազար տոննա) Հայաստան է առաքվել Ադրբեջանի տարածքով տարանցման միջոցով։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց ադրբեջանական տարածքով Հայաստանի համար նախատեսված բեռների տարանցման բոլոր սահմանափակումների վերացման մասին։ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Բաքվին սահմանափակումները հանելու համար՝ անվանելով այդ երթուղին տնտեսապես և քաղաքականապես նշանակալի։
«Օրբելի» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ, քաղաքագետ Ջոնի Մելիքյանը նշում է, որ այս քայլը վերացնում է լոգիստիկ արգելքները, որոնք տարիներ շարունակ զսպում էին ապրանքաշրջանառությունը։

Լուսանկարում` Ջոնի Մելիքյանը
«Հաղորդակցուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարածաշրջանային առաջընթացի ֆոնին... սա հնարավորություն է տալիս երկաթուղով արտահանում և ներմուծում իրականացնել Ադրբեջանի տարածքով։ Այս հնարավորության բացակայությունը նախկինում լրջորեն սահմանափակում էր կողմերին առևտրի հարցում», — պարզաբանում է Մելիքյանը VERELQ-ի հետ զրույցում։
Տնտեսություն և թվային ինտեգրում
Կողմերը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել ապրանքաշրջանառության ավելացման ուղղությամբ, որն առայժմ չի համապատասխանում դաշնակիցների ներուժին։ Ղազախստանը, ինչպես նկատել է այդ երկրի առաջնորդը, պատրաստ է հայկական շուկային առաջարկել 350 մլն դոլարի ապրանք՝ ընդլայնելով արտահանման տեսականին 70 ապրանքային դիրքով։
Այնուամենայնիվ, ընթացիկ վիճակագրությունը որոշակի թերահավատություն է մտցնում այս լավատեսական ծրագրերում։ Երկկողմ առևտրի ծավալները մնում են աննշան և, ավելին, բացասական դինամիկա են ցուցաբերում։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 59 միլիոն դոլար։ Հայաստանի արտաքին առևտրի մասշտաբներով սա գրեթե աննկատելի մեծություն է՝ ընդհանուր ծավալի չնչին 0,4%-ը։ Ընդ որում, ցուցանիշները ավելի ցածր են եղել, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում, ինչը վկայում է իրական տնտեսական կապերի լճացման մասին՝ չնայած միասնական մաքսային տարածքի առկայությանը։

Հատուկ ուշադրություն է դարձվել ՏՏ ոլորտին։ Ստարտափ էկոհամակարգի ստեղծման գործում հաջողությունների հասած Հայաստանը փորձով կկիսվի Ղազախստանի հետ։ Աստանայում՝ Alem.ai արհեստական բանականության կենտրոնի բազայի վրա, կբացվի հայկական հայտնի «ԹՈՒՄՈ» կրթական կենտրոնի մասնաճյուղը։ Նախատեսվում է նաև համագործակցություն Astana Hub տեխնոպարկի և հայկական ՏՏ ընկերությունների միջև։
Քննարկվում է նաև ուղիղ ավիահաղորդակցության գործարկման և ներքին ID-քարտերով քաղաքացիների փոխադարձ այցելությունների հնարավորությունը, ինչը պետք է խթանի զբոսաշրջությունը և գործարար շփումները։
Փորձագիտական կարծիք. հնարավորություններ և ռիսկեր
Վերլուծաբանները համակարծիք են, որ հարաբերությունների կարգավիճակի բարձրացումը մինչև ռազմավարական գործընկերություն ձեռնտու է երկու կողմերին, սակայն պահպանում են զուսպ լավատեսություն լոգիստիկ հեռանկարների վերաբերյալ։
APRI Armenia վերլուծական կենտրոնի փորձագետ Բենիամին Պողոսյանը մատնանշում է, որ գլխավոր նպատակը Հայաստանի ինտեգրումն է «Միջին միջանցքին», որը կապում է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ։

Լուսանկարում Բենիամին Պողոսյանն է
«Հայաստանը ցանկանում է, որ Ղազախստանը և միջինասիական մյուս պետությունները ցանկություն ունենան օգտագործել Հայաստանի տարածքը [տարանցման համար]», — նշում է Պողոսյանը VERELQ-ի հետ զրույցում։
Սակայն նա զգուշացնում է ռիսկերի մասին. Թուրքիան և Ադրբեջանը կարող են նախընտրել այնպիսի երթուղի, որը կնվազագույնի հասցնի Երևանի վերահսկողությունը կոմունիկացիաների նկատմամբ (այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»), կամ ընդհանրապես հոսքերն ուղղել Հայաստանը շրջանցելով՝ ուղիղ Նախիջևանից Թուրքիա՝ օգտագործելով միայն 40 կիլոմետրանոց Մեղրիի հատվածը (հայկական Սյունիքում, որտեղ լինելու է նաև ամերիկյան ներկայություն) կամ Վրաստանի տարածքով։ «Թե որքանով է իրատեսական հայկական երկաթուղու (Նախիջևան-Երասխ-Երևան-Գյումրի-Կարս) օգտագործումը, մեզ դեռ մնում է տեսնել», — եզրափակում է APRI-ի վերլուծաբանը։
Ջոնի Մելիքյանն իր հերթին ընդգծում է իրադարձության աշխարհաքաղաքական մասշտաբը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի այցը և Ղազախստանի աջակցությունը ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին (որն ուղղված է հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք ուղղություններով կոմունիկացիաների ապաշրջափակմանը) տեղի են ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվացման ֆոնին՝ հիշեցնելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Ղազախստանի համար մեր տարածաշրջանը կարևոր նշանակություն է ստանում՝ դառնալով կամուրջ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև», — եզրափակում է Մելիքյանը։
Վերջում փորձագետները նշում են, որ Նիկոլ Փաշինյանի այցը Աստանա ամրագրեց նոր ստատուս քվո. Հայաստանն ու Ղազախստանը, բացի ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի գծով դաշնակիցներ լինելուց, երկկողմ ձևաչափով դարձան ռազմավարական գործընկերներ՝ պատրաստ պրագմատիկ համագործակցության։ Այս մերձեցման հաջողությունն այժմ կախված է նրանից, թե կհաջողվի՞ արդյոք բարդ տարածաշրջանային աշխարհաքաղաքականության պայմաններում քաղաքական հռչակագրերը փոխակերպել կայուն տարանցիկ հոսքերի։