Փաշինյանը խոստանում է վերադարձնել բիզնեսին անարդարացի գանձված գումարները
Լուսանկարը` CivilNet
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ խնդիր է դրել հարկային մարմինների առջև՝ ֆիսկալ կարգապահությունը չպետք է վերածվի կամայականության։ Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ պետությունը պատրաստ է քննարկել վիճահարույց դեպքերը և վերադարձնել գումարները, եթե պարզվի, որ բիզնեսից օրենքով նախատեսվածից ավելին է գանձվել։
Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պետական մարմիններին տրված իր հանձնարարականի էությունը. որևէ տնտեսվարող կամ հարկատու չպետք է ունենա օբյեկտիվ հիմք՝ պնդելու, թե Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) իրենից թեկուզ մեկ լումա ավել է գանձել։ Վարչապետի խոսքով՝ թեև երկրում պետք է բացառվեն հարկերից խուսափելու մեխանիզմները, սակայն դա չպետք է արվի արդարության հաշվին։
Արձագանքելով գործարար դաշտից ստացվող ահազանգերին՝ վարչապետը նշեց, որ ստացել է նամակներ տնտեսվարողներից, ովքեր բողոքում են այս սկզբունքի խախտումից։ Խնդիրը հասկանալու համար նա հանձնարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին կազմակերպել հանդիպումներ բողոքող գործարարների հետ։ Փաշինյանը շեշտել է, որ այդ հանդիպումները պետք է անցկացվեն ոչ թե ՊԵԿ-ում, այլ չեզոք, գործընկերային և բարեկամական մթնոլորտում՝ պարզելու համար՝ արդյոք իսկապես տեղի են ունեցել անարդարություններ կամ սխալներ։
Երկրի ղեկավարը հայտարարեց, որ եթե քննարկումների արդյունքում արձանագրվի, որ պետությունն անարդարացիորեն գումար է վերցրել, ապա անպայման կգտնվեն դրանք վերադարձնելու ձևերը։ Նա ընդգծեց, որ ավելորդ գումար վերցնելը հակասում է կառավարության գաղափարախոսությանն ու արժեքներին։ Վարչապետը նաև իր խորին հարգանքն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր օրինապահ հարկ վճարողներին՝ արդյունք ստեղծելու և պետական բյուջեն համալրելու համար։