20.11.2025
Իշխանությունը «բացահայտել» է Կաթողիկոսի բացթողումը. ճնշումներն առաջիկայում կշատանան
prev Նախորդ նորություն

Եկեղեցու շուրջ օղակը սեղմվում է․ Փաշինյանը նոր «տարածքներ» է նվաճում

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ նոյեմբերի 23-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին։


Սա արդեն հինգերորդ եկեղեցական միջոցառումն է, որին նա ներկայանում է վերջին շրջանում։


Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի թեմում էլ գտնվում է նշված եկեղեցին, օրերս Aravot.am-ի հետ զրույցում ընդգծել էր, որ իշխանություն–Եկեղեցի լարված հարաբերությունների հանգուցալուծումը հնարավոր է միայն երկխոսության և համերաշխության միջոցով։


Ավելին, Սրբազանը կարգալուծման հարցում դեմ է քվեարկել Հովհաննավանքի նախկին քահանա Ստեփան Ասատրյանին զրկելու որոշմանը՝ հայտարարելով, թե իր դիրքորոշումն առաջնորդվում էր բացառապես Եկեղեցու շահերով և «չի կարող կապվել որևէ քաղաքական օրակարգի՝ ընդդիմության կամ իշխանության հետ»։


Այս հայտարարությունները և Փաշինյանի եկեղեցական այցերի սաստկացումը միանշանակ ցույց են տալիս, որ իշխանությունը շարունակում է ձևավորել իրեն լոյալ կամ առնվազն քաղաքականապես չեզոք հոգևորականների շերտ։


Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք։


Արդյունքում՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ թուլացման և Մայր Աթոռի շուրջ ճնշումների «աշխարհագրությունը» ընդլայնվում է, իսկ մեթոդները՝ խորանում։


Այս պայմաններում առավել լեգիտիմ է դառնում մեկ կարևոր հարցադրում․
ինչո՞ւ է Մայր Աթոռը շարունակում լռել և չի կատարում հասարակության հետ բաց, ուղղակի և նախաձեռնողական հաղորդակցության քայլեր։


Խոսքը ոչ թե իշխանության հետ առճակատման մասին է, այլ Մայր Աթոռի՝ իր հավատացյալների հետ կապի խորացման, նրանց հոգևոր և բարոյական սպասումներին արձագանքելու, որպես ազգային ինստիտուտ՝ իր դերակատարությունն ուժեղացնելու մասին։


Երբ իշխանությունն ամեն օր խորացնում է իր «եկեղեցական» օրակարգը, լռությունն այլևս չի կարող դիտվել արդյունավետ պաշտպանական դիրք։


Եկեղեցու ուժը միշտ եղել է ոչ միայն ավանդույթների, այլ նաև հասարակության հետ ազնիվ, հստակ և վստահելի հաղորդակցության մեջ։


Այսօր, առավել քան երբևէ, Մայր Աթոռը իշխանության հակաեկեղեցական կամպանիային ասիմետրիկ պատասխան տալու անհրաժեշտություն ունի:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Սահմանազատման կասկածելի գործընթացը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Vorlomov.ru
20.11.2025
18 մլն դրամ՝ հատուկ չվերթի համար. հայ փորձագետները մեկնում են Բաքու