Մանվել Գրիգորյանի դստերը՝ Նաիրա Գրիգորյանին, մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով
Դատավոր Նաիրա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով:
1lurer.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում դատական իշխանության ներկայացուցչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) 2-րդ մասի 5-րդ կետով և 482-րդ հոդվածի (Ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելը) 1-ին մասով։
«Որպես համակցված խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքն ու գրավը»,- հայտնեցին կոմիտեից:
Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դստեր՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի:
Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն էր տվել գլխավոր դատախազի միջնորդությանը: Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական վարույթի ավարտը: