Կոմիտասի պողոտայի Երեւան Սիթի հիպերմարկետում բռնկվել է խոշոր հրդեհ: Բարեբախտաբար կարծես թե չկան զոհեր եւ տուժածներ:
Ինչպես հայտնի է, Երեւան Սիթի ցանցը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, որն ԱԺ պատգամավոր էր մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր, իսկ հետո համալրեց նոր իշխանության հետ պայմանավորված «խոշոր սեփականատերերի» շարքը:
Սամվել Ալեքսանյանին պատկանող խոշոր օբյեկտներում հրդեհները կարծես թե դառնում են «պարբերականություն»: Համենայն դեպս, շատերի հիշողության մեջ է թերեւս թարմ 2019 թվականի ամռանը, Ալեքսանյանին պատկանող Մալաթիա Մոլի տարածքում՝ Վեգայի հատվածում բռնկված խոշոր հրդեհը: Հիշու՞մ եք, Ալեքսանյանը նույնիսկ անձամբ էր փորձում մասնակցել հրդեհը մարելու գործողություններին:
2020 թվականին տեղի ունեցավ եւս մի հրդեհ, որը մեծ ուշադրության չարժանացավ թերեւս այն պատճառով, որ մասշտաբով գուցե ավելի սահմանափակ էր, ու Երեւանից զգալի հեռու՝ Մասիսում, Վեգա կահույքի արտադրամասում:
Հիմա էլ խոշոր հրդեհ Երեւանի Կոմիտասի պողոտայում գտնվող Երեւան Սիթի հիպերմարկետում:
Սա կարծես թե դառնում է Սամվել Ալեքսանյանի «թույլ տեղը»: Դժվար է ասել՝ հրդեհային անվտանգության տեխնիկական կանոնների՞ հարցում թերացման, թե՞ հնարավոր են այլ շերտեր:
Այստեղ իհարկե կանգ առնեմ, որպեսզի չմտնենք կոնսպիրոլոգիական դաշտ:
Պարզապես երեւի թե հարկ է նկատել, որ ներկայիս նախընտրական փուլում Սամվել Ալեքսանյանը չլինելով քաղաքական պրոցեսների մասնակից, այդուհանդերձ լինելու է առանցքային ֆիգուրներից մեկը՝ կամա, թե ակամա: Սամվել Ալեքսանյանը, որի տնտեսական մասշտաբը անշուշտ ենթադրում է քաղաքական մեծ ազդեցության պոտենցիալ, մի կողմից ակնհայտորեն պայմանավորվեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ 2018-ից հետո, մյուս կողմից միլիարդատեր Սամվել Կարապետյանի հետ այսպես ասած «քավոր-սանիկական» հարաբերության մեջ է, ինչպես հայտնի է շատ շատերին: Իսկ այս հանգամանքը իհարկե նրա համար ստեղծում է որոշակի դիլեմա, եթե նկատի ունենանք, որ Սամվել Կարապետյանը ներկայացրել է քաղաքական, ընդհուպ իշխանություն ձեւավորելու հայտ:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան