«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առողջության համընդհանուր ապահովագրության թեման կարծես թե այնքան տխուր վիճակում է, որ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է սկսել զբաղվել դրանով: Երեկ նախարար Ավանեսյանը զեկուցում էր այս թեման գործադիրի ղեկավարին:
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ այս ոլորտը համակարգում էր փոխնախարար Լենա Նանուշյանը, որը այնքան է ձախողել ապահովագրության ներդրման համակարգը, որ տպավորություն է, թե վերջին պահին սկսել են ինչ-որ մտքեր միացնել իրար և ստանալ աղմուկ հարուցած մի ծրագիր:
ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 2026-ից սկսվելու է պարտադիր ապահովագրության իրենց աղմկահարույց ծրագրի առաջին փուլի մեկնարկը: Սա նշանակում է, որ 65 և ավելի տարիք ունեցող 536.988 քաղաքացիները (ըստ վիճ. կոմիտեի) և մինչև 18 տարեկան մոտ 755 814 բնակիչ (ըստ վիճ. կոմիտեի) պետք է օգտվեն ապահովագրությունից: Թվում է, թե հրաշալի նախագիծ է, մեր փոքրիկներն ու ծերերը առողջ կլինեն. բայց այստեղ թաքնված է կարևոր նրբություն: Պարզվում է՝ մինչև հիմա 65 և ավելի տարիք ունեցող թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցողները, ինչպես նաև երեխաները արդեն իսկ օգտվում են պետպատվերի ծառայությունից: Սակայն Անահիտ Ավանեսյանը և ապահովագրության ծրագրի համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանը որոշել են այդ պետպատվերի անունը փոխել՝ դնելով համընդհանուր ապահովագրություն:
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, որպես փորձագետ, բացատրեց, որ նախարարության այս խորամանկ որոշման հետևանքով տուժում են մեր երկրի բոլոր այն աշխատող քաղաքացիները, ովքեր ստանում են 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ (ընդ որում, անհասկանալի է մնում՝ նշված 200 հազար դրամը վերաբերում է մաքուր աշխատավարձին, թե հարկերը ներառող ընդհանուր գումարին): Աշխատողները պետք է տարեկան 129 հազար դրամ ապահովագրության համար վճարեն:
Ստացվում է՝ այսօրվա գործող պետպատվերի համակարգը 2026-ից աշխատելու է 200 հազար և ավելի ստացող քաղաքացիների հաշվին: Իսկ ինչ են ստանալու աշխատող այդ քաղաքացիները, որոնք ապահովագրության համար 2026 թվականից պետք է պարտադիր վճար կատարեն ամեն ամիս՝ 10.750 դրամի չափով: Նրանց համար, ըստ նախարարության, առողջապահական նոր ծառայություններ մշակված չեն: Նրանք տարեկան մեկ անգամ «թեթև հետազոտություններ» և լաբորատոր ստուգումներ կարող են անցնել՝ ճիշտ այն ծառայությունները, որոնք այսօր նույն քաղաքացիները առաջնային բժշկական օղակներում՝ պոլիկլինիկաներում ստանում են:
Ինչ է ստացվում. 200 հազար և ավելի դրամ ստացող քաղաքացիների կողմից վճարված տարեկան 129 հազար դր. պարտադիր վճարների հաշվին առողջապահական բյուջե է գոյանում, որը փոխարինում է պետպատվերին, բայց Նանուշյանն ու Ավանեսյանը դա մատուցում են իբրև դարի բարեփոխում՝ առողջապահության ապահովագրություն: Մինչդեռ իրականում, փաստացի, «նոր հարկատեսակ» է ավելանում աշխատող քաղաքացիների համար»։