Ալիևը հանձնարարել է «հիմնավորել» վերադարձը՝ Սևանն անվանելով «Գյոյչա»
Լուսանկարը՝ RBK
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 3-ին կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին՝ այն անվանելով ադրբեջանցիների «պատմական հայրենիք»։ Ելույթ ունենալով Գիտությունների ակադեմիայում՝ նա գիտնականներին հանձնարարել է «հիմնավորել» վերադարձի իրավունքը՝ հայտարարելով, որ դրա համար «ամենահարմար» պահն է, քանի դեռ Ադրբեջանն իր ուժի գագաթնակետին է։
Իր ելույթում Ալիևը դարձյալ դիմել է պատմության վերանայման՝ պնդելով, թե հայերին Ղարաբաղում բնակեցրել է Ցարական Ռուսաստանը՝ Իրանից և Անատոլիայից, իսկ Հայաստանի տեղանունների մեծ մասը, ներառյալ Սևանա լիճը (որը նա անվանել է «Գյոյչայի լիճ»), իբր «ադրբեջանական ծագում» ունեն։ Իր խոսքերը հաստատելու համար նա վկայակոչել է «20-րդ դարի ռուսական քարտեզները»։
Խոսելով ադրբեջանցիների «վերադարձի» մասին՝ Ալիևը կրկնել է իր թեզը, թե դա չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն տեղի է ունենալու «ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով», սակայն ընդգծել է, որ այդ գաղափարի իրականացման հիմնական պատասխանատվությունը պետության ուսերին է։
Ադրբեջանի նախագահն ուղիղ կոչ է արել ակադեմիական շրջանակներին ակտիվացնել աշխատանքը, որպեսզի ադրբեջանցիների վերադարձը Հայաստան «միջազգային հանրության համար լիովին տրամաբանված ու արդարացի հնչի»։ Այս դիսկուրսն արդեն երկար տարիներ առաջ է մղվում «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության միջոցով (նախկինում՝ «Ադրբեջանի փախստականների միություն»), որը 2022 թվականից զբաղվում է Հայաստանի Հանրապետության տարածք «վերադարձի» օրակարգի առաջմղմամբ։