Հայաստանի քաղհասրակության պատվիրակությունը շուտով կայցելի Բաքու. Արմեն Գրիգորյան
Լուսանկարը՝ Անվտանգության խորհուրդ
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ելույթ ունենալով Բրյուսելում, հայտարարել է մոտ ժամանակներս Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ Ադրբեջան սպասվող այցի մասին։ Նա սա, Երևան ադրբեջանական պատվիրակության վերջին այցի հետ մեկտեղ, անվանել է խաղաղության օրակարգի շնորհիվ հնարավոր դարձած վստահության ամրապնդման կարևոր քայլ։
Ելույթ ունենալով «Rasmussen Global»-ի կազմակերպած «Խաղաղության խաչմերուկ» խորհրդաժողովում՝ Գրիգորյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում հակամարտությունների դարաշրջանը սկսել է փոխվել։ Նրա խոսքով՝ խաղաղության և ապաշրջափակման հիմքը դրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ի՝ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների համատեղ հռչակագրով։
Որպես առաջընթացի ապացույց՝ նա նշել է կոնկրետ քայլեր. բացի ՀՀ ԱԱԾ տնօրենի՝ Բաքու կատարած այցից և ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցից, սպասվում է նաև հայկական պատվիրակության փոխադարձ այցն Ադրբեջան։
ԱԽ քարտուղարը վերստին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության ինստիտուցիոնալացման «անկյունաքար»։ Նա նշել է նաև դրա բաղադրիչ «Թրամփի ուղին» (TRIPP)՝ հավելելով, որ ըստ ուսումնասիրությունների՝ Հայաստանով անցնող նոր առևտրային ուղին կարող է 5-10%-ով կրճատել Եվրոպա-Չինաստան ճանապարհը։
Գրիգորյանը հայտարարել է, որ խաղաղության օգուտներն արդեն զգալի են. աճում է Հայաստանի տնտեսությունը, հատկապես ՏՏ ոլորտը, մեկնարկում է 500 մլն դոլար արժողությամբ ԱԲ նախագիծ՝ NVIDIA-ի և Firebird-ի հետ։ Նա նաև հունիսյան զբոսաշրջության 19% և սեպտեմբերյան տնտեսական ակտիվության 10.5% աճը կապել է խաղաղության գործընթացից բխող դրական սպասումների հետ։ Որպես Երևանի երկրորդ առաջնահերթություն՝ նա նշել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, ինչը կարող է երկկողմ առևտուրն ավելացնել 200%-ով։