«Թրամփի ուղի». Երևանը Բրյուսելում խոսել է ապաշրջափակման հնարավորություններից
Լուսանկարը՝ Անվտանգության խորհուրդ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցչին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման հայկական տեսլականը և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում կոմունիկացիաների ապաշրջափակումից բխող տնտեսական հնարավորությունները։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից, աշխատանքային այցի շրջանակում նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։
Զրույցի ընթացքում ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի տեսլականը։ Նա առանձնահատուկ կարևորել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագիրը՝ որպես «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս։ Գրիգորյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունները առանցքային են տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվող լայն տնտեսական հնարավորությունների տեսանկյունից։ Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները։