Երևանն ու Կահիրեն խորացնում են կապերը զբոսաշրջության և ՏՏ ոլորտներում
Լուսանկարը՝ mfa.am
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը նոյեմբերի 2-ին Կահիրեում հանդիպել է իր եգիպտացի գործընկերոջ՝ ԱԳ նախարարի տեղակալ Վաել Համեդի հետ՝ քննարկելու երկկողմ համագործակցության օրակարգն ու զարգացման հեռանկարները։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, բանակցությունների հիմնական թեման եղել է այս տարվա ապրիլին երկու երկրների ԱԳՆ-ների միջև կայացած խորհրդակցությունների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու փոխգործակցությունը առանցքային ուղղություններով, մասնավորապես՝ զբոսաշրջության, ենթակառուցվածքների, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։
Զրուցակիցները նաև առանձնահատուկ կարևորել են մոտ ապագայում հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի գումարումը, ինչը, ըստ նրանց, նոր լիցք կհաղորդի զարգացող երկկողմ հարաբերություններին։