29.03.2024
Խանումյան. Վիտալի Բալասանյանը բավարար հեղինակություն ունեցող գործիչ է
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Տեր-Պետրոսյան. Անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից

Ցանկացած պետություն, ազգ կամ հասարակություն, իր բազմազան ներքին տարաձայնություններով ու հակառակություններով հանդերձ, երբ հայտնվում է հայրենիքին սպառնացող արտաքին մարտահրավերի առջև, որպես կանոն, ամեն ինչ ժամանակավորապես մի կողմ է դնում և միահամուռ կերպով լծվում այդ մարտահրավերի դիմակայման գործին։ Այս մասին նշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ մի շարք լրատվամիջոցներին տված պատասխանում, որոնք հետաքրքրվել էին, թե ինչ կարծիքի է նախագահը ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման մասին։

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը կանգնած է այդպիսի մարտահրավերի, այն է՝ արցախահայության անվտանգության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման գերակա խնդրի առջև, որն իր կարևորությամբ ստվերում է հայ ժողովրդին հուզող բոլոր մնացյալ հարցերը։ Ըստ այդմ, ներկա պահին իշխանությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, վերլուծաբանների, լրագրողների յուրաքանչյուր քայլ, խոսք կամ գործողություն անհրաժեշտ է գնահատել բացառապես այդ գերակա խնդրին նպաստելու կամ վնասելու տեսանկյունից։

«Ցավոք, սակայն, սեփական խոսքերի ու գործողությունների գնահատման տվյալ չափանիշի կարևորությունը շատերի կողմից, կարծես թե, չի գիտակցվում և, որ ավելի վտանգավոր է, արտաքին մարտահրավերի դիմակայման հրամայականի թելադրանքով ներքին խնդիրները մի կողմ դնելու և համախմբվելու՝ հասուն պետություններին, ազգերին ու հասարակություններին հատուկ վերը հիշատակված ոսկե կանոնը մեզ մոտ առայժմ չի գործում, ինչը կարող է մեզ հասցնել ազգային աղետի»,- նշել է Լևոն Տեր-Պետրոսյանը։

Վերացական մտքեր արտահայտելու մեջ չմեղադրվելու և անառարկայական չդիտվելու համար նա նշել է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում վերջերս տեղի ունեցած հետևյալ երեք կոնկրետ իրադարձությունները. որոշ անպատասխանատու քաղտեխնոլոգների կողմից իրականացված «Սամվել Բաբայան» սադրիչ օպերացիան, որը մի քանի օր անտեղի հուզումներ առաջացրեց Ղարաբաղում; շուրջ երկու տասնյակ վերլուծաբանների, քաղաքական գործիչների և նախկին բարձրաստիճան դիվանագետների մասնակցութամբ Շուշիում գումարված մարտաշունչ համաժողովը, որի օգտակարությունը կասկածի տակ չէր դրվի, եթե նիստից հետո այդ գերհայրենասեր ժողովականներն անմիջապես կամուֆլյաժներ հագնեին ու դիրքավորվեին Թալիշի մատույցներում; և, վերջապես, զինված խմբի կողմից ՀՀ Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի դեմ կատարված հարձակումը և դրա հետևանքով այս օրերին Երեւանում ստեղծված գերլարված իրավիճակը։

Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ չի ցանկանում նշված իրադարձությունների վերաբերյալ ավելի ընդարձակ գնահատականներ տալ և իր տեսակետը պարտադրել հասարակությանը։ Բայց, յուրաքանչյուր ոք, իր խոսքով, վերոնշյալ գերակա խնդիրը նկատի ունենալով պետք է ինքը դատի, թե՝ որքանո՞վ են դրանք նպաստում կամ վնասում արցախահայության անվտանգության ապահովման և Ղարաբաղյան հակամարտության բարեհաջող կարգավորման խնդրին, և որքանո՞վ են ուժեղացնում կամ թուլացնում հայկական դիվանագիտության դիրքերը տվյալ խնդրին նվիրված ընթացիկ բանակցություններում։

«Այսօր անիմաստ է վերլուծել այն պատճառները, որ հանգեցրել են մի այնպիսի ծայրահեղ քայլի, ինչպիսին է պետական հիմնարկության դեմ ուղղված զինված գործողությունը։ Վերլուծությունները պետք է կատարվեն և տեղի ունեցածից դասեր քաղվեն ստեղծված գերվտանգավոր իրավիճակի հանգուցալուծումից հետո։ Ներկա պահին դրանք միայն գրգռություններ են առաջացնում և ավելի ևս բարդացնում իրավիճակը։ Բնականաբար, ամեն կերպ անհրաժեշտ է խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն և ողջամիտ ժամանակ պահանջեն։ Անիմաստ է բարոյա-խրատական քարոզներ կարդալ և հայրենասիրության դասեր տալ Ժիրայր Սեֆիլյանին և նրա զինակիցներին։ Նրանց հայրենասիրությունն ապացուցման կարիք չունի։ Նրանք դա ապացուցել են ռազմի դաշտում, անձնազոհաբար ու կամովին մասնակցելով արցախյան պատերազմին։ Որքան էլ տաքարյուն ու ծայրահեղական թվացող, իմ շփումներից ես համոզվել եմ, որ ճգնաժամային պահերին Ժիրայր Սեֆիլյանն ունակ է սառը դատել ու ողջամիտ որոշումներ կայացնել։ Ուզում եմ հույս հայտնել, որ այս անգամ էլ այդ ունակությունը նրան չի դավաճանի, և նա Ղարաբաղի ու Հայաստանի ճակատագիրը վեր կդասի ամեն ինչից»,- հավելել է ՀՀ առաջին նախագահը։
Ուորլիք. Մինսկի խումբն աշխատում է Սարգսյան-Ալիև հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար